Vanadzor.Am

Քալանթարյան Գայանե

Գայանե Սեյրանի Քալանթարյան

 

ԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆ

 

Ծնվել է 1951թ., մանկավարժների ընտանիքում: 1968թ. գերազանցությամբ և ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի թիվ 11 ռուսական դպրոցը, եղել է դպրոցի կոմերիտմիության քարտուղար: Նույն թվականին ընդունվել և 1974թ. ավարտել է Երևանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը` ստանալով բժշկի որակավորում <<Բուժական գործ>> մասնագիտությամբ: 1974-75թթ սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրայում` հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի բազայի վրա, ստացել է հոգեբույժի որակավորում: 1975թ. աշխատանքի է անցել Կիրովականի միջշրջանային նյարդահոգեբուժական դիսպանսերում` որպես տեղամասային բժիշկ, դասավանդել բժշկական ուսումնարանում, հետագայում նաև Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Պարբերաբար անցել է մասնագիտական որակավորման դասընթացներ:

Ակտիվ մասնակցություն է ունեցել 1988թ. աղետալի երկրաշարժից հետո քաղաքում բուժօգնության, հոգեբուժական ծառայության կազմակերպման գործում, աղետին հաջորդող ժամանակահատվածում շարունակել է բժշկական գործունեությունը դիսպանսերում:

1993թ. նշանակվել է Կիրովականի միջշրջանային դիսպանսերի գլխավոր բժիշկ, այնուհետև <<Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր>> ՊՓԲԸ-ի տնօրեն: 1997թ. հավաստագրվել է որպես հոգեբույժ և առողջապահության կազմակերպիչ: 2001թ. օգոստոսից տևական ժամանակ համատեղությամբ ղեկավարել է Վանաձորի հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համայնքային կենտրոնը:

Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, սեմինարների, միջազգային իրավապաշտպան, առողջապահական հայտնի կազմակերպությունների հրավերներով եղել է ԱՄՆ-ում, Անգլիայում, Շոտլանդիայում, Չեխիայում, Վրաստանում: Հայաստանում անցկացված մի շարք միջազգային գիտաժողովներում հանդես է եկել զեկույցներով` նվիրված Լոռու մարզում հոգեբուժական ծառայության կազմակերպմանը, Վանաձորում հոգեկան հիվանդների խնամքի համայնքային ծառայությունների փորձին, ինչպես նաև հոգեկան առողջության պահպանման խնդիրներին:

Զբաղվում է հասարակական գործունեությամբ: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վարչության, ինչպես նաև Հոգեկան առողջության հիմնադրամի վարչության անդամ է:

<<Ժնևյան նախաձեռնությունները հոգեբուժության մեջ>> կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացրել է սեմինարներ և դասընթացներ` մարզի մանկական հոգեբույժների, նյարդաբանների և մանկաբույժների համար, Առողջապահության ազգային ինստիտուտում ընտանեկան բժիշկներին դասավանդել է հոգեբուժություն:

Մարզի գլխավոր հոգեբույժն է:

Լինելով վստահելի գործընկեր և հմուտ կազմակերպիչ` Գ.Ս.Քալանթարյանը կարողացել է ձեռք բերել արտասահմանյան տարբեր կառույցների համակողմանի աջակցությունը դիսպանսերում իրականացվող բարեփոխումներին, ինչի արդյունքում իրականացվել են մի շարք ծրագրեր:

Դիսպանսերում գործում է աշխատանքային թերապիայի կարի արհեստանոցը, որը եզակի է հանրապետությունում: Նրա ղեկավարած հաստատությունում ստեղծված են արդիական պայմաններ հմուտ, արհեստավարժ անձնակազմի աշխատանքային գործունեության համար, իսկ գեղեցիկ խնամված այգին ու պարտեզը դիսպանսերի այցեքարտն են:

Սերտորեն համագործակցում է զանգվածային լրատվամիջոցների հետ` կապված մասնագիտական և հասարակական աշխատանքների հետ:

Երեք անգամ ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ: Ներկայումս ավագանու միակ կին անդամն է: Ընդգրկված է քաղաքապետարանի Անչափահասների հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի, Վանաձորի պետական թատրոնի գեղարվեստական խորհրդի, Հովհ.Թումանյանի անվ. թիվ 3 դպրոցի խորհրդի կազմում:

Հանդիսանալով <<Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր>> ՊՓԲԸ-ի տնօրեն` զբաղվում է և պրակտիկ բժշկական գործունեությամբ:

Անկուսակցական է, ունի երկու որդի:

 

Քալանթարյան Գայանե