Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Վանաձորի համայնքի ավագանու՝ 2012 թվականի առաջին նիստը:Օրակարգում հինգ հարց էր: Քաղաքապետ Սամվել Դարբինյանի առաջարկով օրակարգ մտցվեց ևս մեկ հարց:Ավագանին քվեարկությամբ հաստատեց ամբողջ օրակարգը, ապա անցավ հարցերի քննարկմանը:
Առաջին հարցը վերաբերում էր ավագանու՝ 2011թ. հոկտեմբերի 28-ի «Վանաձորի համայնքի 2012թ. բյուջեն հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուն: Այդ առաջարկով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ավագանին որոշեց համայնքի 2012 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել 307 մլն 636 հազար դրամի լրացումներ և փոփոխություններ, ինչպես նաև հաստատել 2011թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերն ըստ գործառնական-տնտեսագիտական դասակարգման և ծրագրերի:
Քաղաքապետի առաջարկով օրակարգ մտցված հարցը վերաբերում էր քաղաքի գլխավոր հատակագծի պատրաստման համար համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 10 մլն դրամ հատկացնելուն: Համայնքի ավագանու 2011 թ. հոկտեմբերի 28-ի «Վանաձորի համայնքի 2012 թ. բյուջեն հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը ներկայացրեց քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը: Ավագանին որոշեց , «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի զեկուցագիրը, համայնքի 2012 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել 10մլն դրամի փոփոխություն:
Համայնքի ավագանու՝ 2010թ.հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին առաջարկով հանդես եկավ քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը: Հիմք ընդունելով քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի գրությունը և առաջացած անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով`ավագանին որոշեց վերոնշյալ որոշման 3-րդ հավելվածը լրացնել 16-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «սեփականության իրավունքով պատկանող էլեկտրահենասյուներին մալուխներ անցկացնելու թույլտվության համար ամսական վարձավճարի չափ սահմանել յուրաքանչյուր մեկ հենասյան համար բոլոր չորս գոտիներում` 60 /վաթսուն / ՀՀ դրամ»:
Օրակարգի հաջորդ կետով՝ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը պետությանը հետ վերադարձնելու մասին առաջարկ ներկայացրեց Տ. Պապանյանը: Հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011թ. դեկտեմբերի 30-ի թիվ 01/16/8212-11 հանձնարարականը, Լոռու մարզպետի 2012թ.հունվարի 11-ի թիվ 101/111.1/66-12 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով` ավագանին որոշեց համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ետ նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
Փողոց անավանակոչելու մասին էր Տ.Պապանյանի հաջորդ առաջարկը, որ նույնպես հաստատվեց ավագանու կողմից: Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետի միջնորդագիրը, Վանաձորի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` ավագանին որոշեց Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-3 թիվ 5 շենքի արևմտյան մասով, Ուկրաինական փողոցին ուղղահայաց անցնող փողոցն անվանել Օգոստոսի 23-ի փողոց:
Օրակարգի վերջին հարցը, որ ներկայացրեց Վ. Դարբինյանը, վարձակալությամբ տարածք հանձնելու վերաբերյալ էր: Այն նույնպես հաստատվեց ավագանու կողմից: