Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
07.07.2025թ
Ղազարյան Հրաչիկ
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Հ.Ա,Ղազարյանը ծնվել է 1939թ. ապրիլի 27-ին ՀՀ Շամշադինի շրջանի (Տավուշի մարզ) Ծաղկավան գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1958թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը 1963թ ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է նույն համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում, որպես կրտսեր գիտաշխատող: 1964թ. ընդունվել է Մոսկվայի ՍՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1971թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան: Հ.Ա.Ղազարյանի թեկնածուական թեզը նվիրված էր իոնական պոլիմերացման քիմիական կինետիկային, որտեղ առաջին անգամ ցույց է տրվել, որ իոնական պոլիմերացման սահմանավորող փուլը հանդիսանում է պոլիմերացման հարուցման աստիճանը, բացահայտվել է պոլիմերացման ակտիվ կենտրոնների բնույթը; Ապագա գիտնականի գիտական աշխարհահայացքը ձևավորվել է աշխարհահռչակ գիտնականներ , Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն.Ն.Սեմյոնովի, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ, Լենինյան և Պետական մրցանակների դափնեկիրներ Ն.Ս.Ենիկոլոպովի և Ա.Ե.Շիլովի անմիջական ղեկավարությամբ: 1967-72թթ. Ղազարյանը ղեկավարել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի կենտրոնական լաբորատորիայի ֆիզ. – քիմ. հետազոտությունների բաժինը, որտեղ նրա ղեկավարությամբ ՍՍՀՄ –ում առաջին անգամ գելքրոմատոգրաֆիան կիրառվել է բարձրամոլեկուլային միացությունների մոլեկուլային զանգվածների, ինչպես նաև ըստ ֆուկցիոնալ խմբերի տեսակների բաշխվածություններն ուսումնասիրելիս: 1972թ. քիմիական գիտություների թեկնածու Հ.Ա.Ղազարյանը գործուղվել է Կիրովականի Պոլիմերային սոսինձների համամիութենական գիտահետազոտական պետական ինստիտուտ (ՊՍՊԻ) և ղեկավարել տեսական և տեխնոլոգիական հետազոտությունների բաժինը:ՊՍՊԻ –ու աշխատած տարիներին տեսական և փորձնական հետազոտությունների հիման վրա նրա կողմից մշակվել է դիսպերս համակարգերի հատկությունների հետազոտման և կարգավորման նոր գիտական ուղղություն, որը 1985թ. –ին ձևակերպվել է նրա դոկտորական թեզում և ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1986թ. նույն հանձնաժողովի որոշմամբ պրոֆեսորի կոչում: 1983թ. տեղափոխվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ` սկզբում որպես ինստիտուտի գիտական քարտուղար, հետո 1984թ. ընտրվել է քիմիայի ամբիոնի վարիչ և մինչև հիմա ղեկավարում է նշված ամբիոնը: 1987-91թթ. ղեկավարել է ինստիտուտի կուսակցական կազմակերպությունը: Այդ տարիներին կուսբյուրոյի հիմնական աշխատանքները նպատակաուղղված էին Ստեփանակերտի և մեր ինստիտուտի ուսումնական գործընթացները կանոնավոր կերպով անցկացնելուն:1990թ. Վանաձոր քաղաքի կուսակցական կազմակերպությունների կողմից ընտրվել է ԽՄԿԿ 28 – րդ համագումարի պատգամավոր: 1998թ. ընտրվել է Միջազգային Ակադեմիական Միության ակադեմիկոս: Ղեկավարել է ինստիտուտի բնական գիտությունների միջֆակուլտետային մասնագիտական գիտամեթոդական խորհուրդը: Շուրջ 50 տարվա գիտամանկավարժական գործունեության արդյունքում Հ.Ղազարյանը 25 գյուտերի և 155 գիտական հոդվածների հեղինակ է: Նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել է 4 թեկնածուական թեզ: Պրոֆեսոր Ղազարյանի գիտական աշխատանքները հայտնի են ոչ միայն ՀՀ, այլ նաև արտերկրի գիտական լայն հասարակությանը: Հ.Ղազարյանի գիտական աշխատանքները տպագրվել են այնպիսի երկրների գիտական առաջատար հանդեսներում, ինչպիսիք են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան, Բուլղարիան, ԱՄՆ: Գիտական արժեքի հետ այդ աշխատանքներն ունեն նաև կիրառական մեծ նշանակություն և ներդրվել են շատ երկրներում: 2004թ. Հ.Ղազարյանը արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին և պատվոգրին: 2009թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևի (ոսկե մեդալ): 2009թ. նրան շնորհվել է Տավուշի մարզի պատվավոր քաղաքացու կոչում և պարգևատրվել է ոսկե մեդալով: 2010թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է "Անանիա Շիրակացի" ոսկե մեդալով: Գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ է: Ամուսնացած է ունի 2 երեխա, 3 թոռ և 1 ծոռ: