Գլխավոր
/
ՏԻՄ
/
Պատվավոր քաղաքացիներ
09.07.2025թ
Բադալյան Վազգեն
ՎԱԶԳԵՆ ԱՐՇԱԿԻ ԲԱԴԱԼՅԱՆ
Ծնվել է ՀՀ Լոռու մարզի Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքում՝ 1954 թվականի մայիսի 9ին։
1965թ.ից մարզվել է բռնցքամարտով` ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Տեր-Հովհաննիսյանցի գլխավորությամբ: 1971թ. դարձել ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 1972թ.՝ 18 տարեկանում, դարձել է ԽՍՀՄ սպորտի վարպետ: Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել և ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, իսկ մինչև այդ 4 տարի ուսանել է ոստիկանության ակադեմիայում։
Նա Հայաստանի վեցակի չեմպիոն է, միջազգային 7 մրցաշարերի հաղթող։
1973-1975թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Վազգեն Բադալյանը անվանի մարզական և հասարակական գործիչ է, բռնցքամարտի հանրահայտ մարզիչ։ Մոտ 23 տարի աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի «Օլիմպիական հերթափոխ»ի մարզադպրոցում և «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերությունում, որպես մեթոդիստ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ, 1980-1993թթ. Վանաձոր քաղաքի ավագ մարզիչ։ Երկար տարիներ աշխատել է ՀՀ և ԽՍՀՄ հավաքականներում որպես մարզիչ, հրավիրվել է Իրան, Ֆրանսիա, Եթովպիա՝ մասնագիտական օգնություն ցույց տալու տեղի բռնցքամարտիկներին: Վ. Բադալյանին 25 տարեկանում շնորհվում է «ՀԽՍՀ վաստակավոր մարզչի» պատվավոր կոչում։
1990-2004թթ. «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի հիմնադիր փոխնախագահն էր։ Բարեգործական գործունեություն է ծավալել սպորտի, մշակույթի, առողջապահության և կրթության բնագավառներում:
2007-ին ընտրվել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:
1986-1992թթ. եղել է Վանաձորի «Հայաստան» մարզական ընկերության համալիր և բռնցքամարտի մարզադպրոցների տնօրենը, միաժամանակ շարունակել մարզչական գործունեությունը։
1993թ. մինչև այժմ Վանաձոր քաղաքի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է։
1991-1995թթ. ընտրվել է Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1993-2008թթ. ընտրվել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի անդամ:
1997-2009թթ. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահն էր։
1986թ.ից ԽՍՀՄ համամիութենական կարգի մրցավար:
1998թ.ից միջազգային կարգի մրցավար է:
1990թ. հիմնադրել է «Ռինգ», իսկ 2004-ի սեպտեմբերի 21ին «Վազգեն Բադալյան» մարզամշակութային ակումբները, որտեղ մարզվում են ավելի քան 100 մարզիկ։ Վ. Բադալյանի սաներից 5-ը միջազգային կարգի սպորտի վարպետներ են (Ս. Օհանյան, Բ. Սահրադյան, Լ. Պապյան, Վ.Վ. Բադալյան, Վ. Դարչինյան), 2-ը՝ օլիմպիական խաղերի մասնակից (Լ. Պապյան, Վ. Դարչինյան), որոնք աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնություններում արժանացել են 43 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։ Նրանցից ամենահանրաճանաչը՝ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, 2000թ. տեղափոխվելով պրոֆեսիոնալ ռինգ, 2004թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2008թ. նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենաբարձր տիտղոսը, դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն։ Սա եզակի ցուցանիշ է հայկական սպորտի պատմության մեջ:
2004թ. Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան Վ. Բադալյանին պարգևատրում է «Ոսկե մեդալով»՝ մարզական բարձր ցուցանիշների համար։ Բռնցքամարտի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար Բադալյանին շնորհվում է «ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում։
2003թ. և 2008թ. ՀՀ Նախագահի հրամանով պարգևատրվում է «Շնորհակալագրով», ՀԱՕԿ նախագահի կողմից «Վարազդատ Արշակունի» մեդալով: 2009թ. Վ. Բադալյանը ճանաչվել է «Վանաձորի պատվավոր քաղաքացի»։
2010թ. ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել է «Շնորհակալագրով»:
1988-1995թթ. Վ. Բադալյանը իր համեստ ներդրումն է ունեցել Արցախյան շարժման, Վանաձորի 1992-1995թթ. զորակոչերի և ոստիկանական խմբերի կազմավորման գործում, բազմիցս մեկնել է Արցախ: Վանաձորի երկրապահ կամավորների միության խորհրդի անդամ է:
1991թ. մինչև 2013թ. ոստիկանության համակարգում էր:
1993-1996թթ. ոստիկանության Վանաձորի բաժնի պետն էր:
Վարել է այլ պատասխանատու պաշտոններ ևս։
2007-2013թթ. ոստիկանության գնդապետ Վ. Բադալյանը Լոռու մարզային վարչության պետի տեղակալն էր կադրերի և անձնակազմի գծով։ Նվիրումով է ծառայել մեր երկրի հասարակական կարգի պահպանմանը: 2013-ից անցել է վաստակած կենսաթոշակի:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» առաջին աստիճանի կրծքանշաններով, անվանական զենքով, «Մարտական զորակցություն» և «Օրենքի պատվար» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Վազգեն Բադալյանը նաև արվեստի և գրականության հոգսերով ապրող քաղաքացի է, բնատուր գծանկարիչ՝ իր ուրույն ոճով և կատարողական առանձնահատկություններով:
Վ. Բադալյանը բազմաթիվ հանրապետական ցուցահանդեսների մասնակից է, ներկայացել է 4 անհատական ցուցահանդեսներով՝ Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի և Երևան քաղաքներում։
2007թ.ից ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ է:
2012թ. մասնակցել է Բելառուսում կայացած միջազգային ցուցահանդեսին:
2012թ.ից ՀՀ նկարիչների միության անդամ է: Նրա գրաֆիկական աշխատանքները զարդարել են 6 բանաստեղծական գրքեր, 3 աշխատանք մշտական ցուցադրման է Վանաձոր քաղաքի կերպարվեստի թանգարանում։
2009թ. ընտրվել է «Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիա»-ի իսկական անդամ: Հասարակական, մանկավարժական և բարեգործական գործունեության համար Վ. Բադալյանը պարգևատրվել Ֆ. Նանսենի, «Մշո զարմ» ՀԿ-ի, «Հայրենիքի պաշտպանության համար», «Փառապանծ մարտիկ», «Վազգեն Ա. կաթողիկոսի» մեդալներով:
2013թ. ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում: Նույն թվականին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պաշտոնում:
2014թ. բռնցքամարտի մասսայականության և բարձր մարզական ցուցանիշների համար վեցամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալով և «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» ՀԿ-ի ոսկե կրծքանշանով:
Վ. Բադալյանը շրջել է աշխարհի ավելի քան 25 երկրներում, այցելել է Նյու Յորքի, Միլանի, Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, Փարիզի, Վենետիկի, Հռոմի, Սուրբ Ղազար կղզու, Օլիմպիայի, Նեապոլի և այլ հռչակավոր թանգարաններ, ծանոթացել Վան Գոգի, Միքելանջելոյի, Ոոդենի, Պիկասսոյի, Գոգենի, Վերոնեզեի և այլ հանճարների բնօրինակ գործերին:
Ստեղծել է բռնցքամարտի պատմության թանգարան, շարունակում է աշխատանքը Լոռու բռնցքամարտի պատմության գրքի վրա:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ, վեց թոռնիկ: