Գլխավոր
/
ՏԻՄ
/
Կրթություն
18.08.2025թ
«Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց»
«Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց»
1969թ. Կիրովականի Դիմաց թաղամասի հինգհարկանի շենքի առաջին հարկում Էդվարդ Կզարթմյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց քաղաքի թվով 3-րդ երաժշտական դպրոցը։ Դպրոցի առաջին տնօրենի պաշտոնը ստանձնեց ջութակահար, ՀՍՍՀ վաստակավոր մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սեդա Նիկոլայի Ղազարյանը, իսկ ուսումնական մասի վարիչ՝ Էլվիրա Ալեքսանդրի Գազիյանը։
1980թ. դպրոցը տեղափոխվեց Աղայան 86 հասցեում գտնվող երկհարկանի նոր շենք։ Դպրոցի տնօրեն նշանակվեց Ներսես Արտավազդի Եթիմյանը, ուսումական մասի ղեկավար՝ Էլմիրա Արշակի Մովսիսյանը, որոնք արժանավայել շարունակեցին իրենց առաքելությունը և պրոֆեսիոնալ մեծ թիմ ստեղծեցին։
1988-ի ավերիչ երկրաշարժից դպրոցը դարձավ վթարային։ Ուսուցումը շարունակվեց ժամանակավոր տնակային կացարաններում։ Շուրջ 15 տարի կոլեկտիվն աշխատել է դժվարին պայմաններում։ 1992-ից դպրոց տնօրեն նշանակվեց Խաչիկ Ռուբենի Մովսիսյանը։ 1997-ից ուսումնական գծով փոխտնօրեն է նշանակվում Ռոզա Մարտունի Առաքելյանը, ով մեծ ներդրում է ունեցել և ջանք ու եռանդ չի խնայել դպրոցի կայացման և զարգացման գործում։
2003 թվականին «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ Սան-Ֆրանցիսկո քաղաքի Արշակ Բ միության բարերարների միության կողմից դպրոցի շենքը հիմնանորոգվեց։
Այդ տարիներից ի վեր դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողգործիքների, կիթառի, ակորդեոնի և այլ բաժիններ։
2004 թվականին դպրոցն անվանակոչվեց Տիգրան Չուխաջյանի անվամբ, 2006-ին դպրոցում բացվեց պարարվեստի բաժինը, իսկ դպրոցը վերանվանվեց «Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց»։
2006-2023 թվականներին դպրոցի տնօրենն է եղել Գոհարիկ Շահենի Իսրայելյանը, փոխտնօրեն՝ Ռոզա Առաքելյանը։ 2023-ից տնօրեն է նշանակվել Սոֆյա Վերանյանը, փոխտնօրեն՝ Աննա Դավթյանը։
Իր գոյության ընթացքում դպրոցի սաները միշտ բարձր են պահել դպրոցի անունը թե հանրապետական և թե միջազգային մրցույթներում։ 2009-ին պարարվեստի բաժնի սաները մասնակցեցին Հունաստանում, այնուհետև Բուլղարիայում, այնուհետև Աջարիայում անցկացվող պարային մրցույցներին և մրցանակներով վերադարձան Հայաստան։
Այս տարիների ընթացքում դպրոցում սովորել և ավարտել են շուրջ 1800 աշակերտ։ Այսօր էլ աշակերտների թվով այն համարվում է Լոռու մարզի ամենամեծ դպրոցներից մեկը։
«Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոց ԿՈՒՀ» ՀՈԱԿ
Հասցե՝ Վանաձոր, Աղայան 86 ա
Հեռախոս՝ +374 322 4-80-27
Տնօրենի ժ/պ Սոֆյա Վերանյան
ՖԲ էջ՝ Չուխաջյանի անվան արվ. դպրոց
Տնօրենի ժ/պ Սոֆյա Վերանյան