Գլխավոր
/
ՏԻՄ
/
Մշակույթ
18.08.2025թ
«Վանաձորի Կամերային երգչախումբ »
«Վանաձորի Կամերային երգչախումբ »
«Վանաձորի Կամերային երգչախումբ » ՀՈԱԿ-ը կազմավորվել է 1989թ.-ին դիրիժոր Ռուզաննա Մխիթարյանի կողմից Վանաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու և 1990թ.-ին «Գթություն» բարեգործական միությանը կից գործող կանոնավոր քառաձայն, երկսեռ երգչախմբերի հիմքի վրա: 1992թ.- ից Վանաձորի քաղխորհրդի մշակույթի բաժնի առաջարկությամբ եկեղեցու և «Գթություն» ԲՄ-ն երգչախմբերի կազմը մրցույթով համալրելով ստեղծվել է Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբ ՓԲԸ, որն մինչև 2024 թվականը ղեկավարել է Ռուզաննա Մխիթարյանը:
Երգացանկում երգչախումբն ունի 300-ից ավելի բազմաժանր ստեղծագործություններ, այդ թվում` հին հայկական հոգևոր մեղեդիներ, շարականներ, Կարա-Մուրզայի, Մ. Եկմալյանի, Կոմիտասի խմբերգերը, Սբ. Պատարագը, հայկական ժողովրդական և գուսանական երգերի բազմաձայն մշակումներ, հայ և արտասահմանյան դասական կոմպոզիտորների խմբերգեր, Ա. Բաբաջանյանի մի շարք երգեր: Երգչախմբի կատարմամբ առաջին անգամ քառաձայն հնչել են Սայաթ-Նովայի, Շառլ Ազնավուրի երգերը, 1999թ.-ին` հայ օպերային արվեստի գլուխգործոց «Անուշ» օպերայի համերգային տարբերակը, «Անլռելի Զանգակատուն» երաժշտական կոմպոզիցիան, 2000թ.-ին`«Եռաձայն Պատարագ»:
Կազմավորման օրվանից կամերային երգչախումբն ունեցել է ավելի քան 500 բարեգործական համերգներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում, Իջևանում, Էջմիածնում, Վրաստանում, Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերում, նպաստելով երգչախմբային արվեստի զարգացմանն ու տարածմանը , մասնակից է եղել ավելի քան 1200 Սուրբ Պատարագի մատուցմանը, բազմաթիվ համաքաղաքային, մարզային, հանրապետական միջոցառումների, փառատոների, մրցույթների և ամենուր արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Ներկայացրած ինքնատիպ ծրագրերի, կատարողական բարձր մակարդակի համար կամերային երգչախումբը բազմիցս արժանացել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահության բարձր գնահատականին, պատվոգրերի և դիպլոմների` 1993թ. հոկտեմբեր – Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախմբերի հանրապետական մրցույթի առաջին կարգի մրցանակ, ք.Երևան, 1998թ. – Հայաստանի երգչախմբային ընկերության հիմնադրման 40-ամյակին նվիրված փառատոնի առաջին կարգի դիպլոմ, ք.Երևան, 2003թ. նոյեմբեր – Հայաստանի երգչախմբային ընկերության 45-ամյակին նվիրված փառատոնի 1-ին կարգի դիպլոմ, ք.Երևան, 2001թ.-Քրիստոնության ընդունման 1700-ամյակին նվիրված Հայաստանի երգչախմբային ընկերության փառատոնի «Գեղարվեստական և կատարողական բարձր մակարդակի համար» պատվոգիր, ք.Երևան, 2006, 2008, 2010թթ. – «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի եզրափակիչ փուլերին ակտիվորեն մասնակցելու, կատարողական բարձր մակարդակի համար արժանացել է դիպլոմների, 2011թ. – ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված` ՀՀ մշակույթի նախարարության և ՀԵԸ կողմից հայտարարված երգչախմբերի հանրապետական մրցույթ փառատոնի մրցանակ և պատվոգիր:
2013թ. «Վանաձորի կամերային երգչախումբ» ՓԲԸ-ն վերակազմավորվել է Վանաձորի համայնքի «Կամերային երգչախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, տնօրեն է նշանակվել Տարոն Միրզոյանը:
2024թ. Վանաձորի համայնքի «Կամերային երգչախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, գեղ. ղեկավար և խմբավար է նշանակվել Նաիրա Եթիմյանը:
Հեռ. + 374 93 735 009, էլ.հասցե [email protected],