Գլխավոր
/
Լուրեր
/
Հայտարարություններ

18.05.2026թ

 «Իմ կանաչ միջավայր» խորագրով լուսանկարների և պատմությունների մրցույթ երեխաների և երիտասարդների համար

 
2026 թվականին նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week 2026) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը հայտարարում է «Իմ կանաչ միջավայր» խորագրով լուսանկարների և պատմությունների մրցույթ:
Մրցույթի շրջանակներում ներկայացվող աշխատանքները պետք է համահունչ լինեն ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության նպատակներին և վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով նաև հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, էներգախնայողություն, էներգախնայողություն, դիմակայունություն կլիմայի փոփոխության հանդեպ, էներգետիկ աղքատության նվազեցում, կանաչ զարգացում և այլն:
Մրցույթի պայմանները.
-Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, սիրողական լուսանկարչական ակումբների անդամներ և լուսանկարչական դպրոցների սաներ):
-Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երեք լուսանկար, ինչպես նաև մինչև 200 բառանոց պատմություն, որը նկարագրում է պատկերը, կամ արտացոլում է լուսանկարի հիմնական ուղերձը, կամ կիսվում է լուսանկարի առաջացրած գաղափարով և ոգեշնչմամբ։
-Մրցույթին մասնակցելու համար լուսանկարները (.jpg ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:
-Մրցույթին ընդունվում են նաև արհեստական բանականության օգնությամբ ստեղծված և վերոհիշյալ թեմաներին համապատասխանող պատկերներ, սակայն նախապատվությունը կտրվի բնօրինակ լուսանկարներին:
-Ցանկալի է, որպեսզի մրցույթին մասնակցող աշխատանքները տեղադրված լինեն համայնքապետարանի, ակումբների կամ դպրոցների, ինչպես նաև հեղինակների անձնական էջերում սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև դիտումների և գնահատման (օրինակ՝ «Like»-երի) հասանելի վիճակագրությունը:
Լուսանկարները սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:
-Ներկայացնելով լուսանկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:
-Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն միայն իրենց սեփական աշխատանքները: Ուրիշների կողմից ստեղծված նյութերի օգտագործում, այդ թվում՝ ինտերնետում հասանելի նյութերի, խստիվ արգելվում է: Բոլոր աշխատանքները պետք է լինեն մասնակցի սեփական ստեղծագործությունը՝ ապահովելով մրցույթի արդարությունն ու ազնվությունը:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները և դրանց նկարագրող կարճպատմությունները կտեղադրվեն նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջերում:Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հուլիսի 10-ը:
Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն լուսանկարների և կարճ պատմությունների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:
Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից մինչև հուլիսի 1-ը նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույնը ճանաչված և մինչև նշված վերջնաժամկետը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Առաջին տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում, որի ամսաթիվը մասնակիցներին կհայտարարվի նախապես:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]