Գլխավոր
/
Լուրեր
/
Նորություններ
09.06.2026թ
Վանաձոր համայնքը ճանաչվել է «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» (CoM East) ծրագրի Ազգային SECAP մրցույթի հաղթողներից մեկը
Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում անցկացված «Քաղաքապետերի դաշնագիր Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (CoM East) բարձր մակարդակի համաժողովի շրջանակում ամփոփվել են Ազգային SECAP մրցույթի արդյունքները, որոնց համաձայն Վանաձոր համայնքը ճանաչվել է մրցույթի հաղթողներից մեկը։
«Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող նախաձեռնություն է, որը միավորում է Արևելյան գործընկերության երկրների համայնքներին՝ աջակցելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, էներգաարդյունավետության բարձրացմանը, վերականգնվող էներգիայի կիրառմանը և կայուն զարգացման քաղաքականությունների իրականացմանը։ Ծրագրի շրջանակում համայնքները մշակում և իրականացնում են Կայուն էներգիայի և կլիմայի գործողությունների ծրագրեր (SECAP)՝ ուղղված ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կլիմայական փոփոխությունների նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացմանը։
Ազգային SECAP մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համայնքները։ Ներկայացված 67 հայտերից անկախ փորձագիտական ժյուրիի գնահատման արդյունքում հաղթող են ճանաչվել ութ համայնքներ, այդ թվում՝ Վանաձորը։
Հաղթող համայնքները կստանան մինչև 1,000 եվրո արժողությամբ վաուչեր՝ հետագա բնապահպանական և իրազեկման միջոցառումների իրականացման համար, ներառյալ ծառատնկման ծրագրերը և համայնքային իրազեկման արշավները։
Վանաձորի հաղթանակը համայնքում իրականացվող կայուն զարգացման, էներգաարդյունավետության և կլիմայական քաղաքականությունների ոլորտում տարվող հետևողական աշխատանքի կարևոր գնահատականն է և նոր խթան՝ շարունակելու համայնքի դիմակայուն և կանաչ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։